24 նոյեմբերի 2011 - 09:55 AMT
ԱՄՆ կտեղադրի ՀՀՊ համակարգը Արևելյան Եվրոպայում չնայած Ռուսաստանի բողոքներին

ԱՄՆ կշարունակի տեղադրել հակահրթիռային համակարգը Արևելյան Եվրոպայում չնայած Ռուսաստանի խիստ դժգոհությանը: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարկ Թոները հայտարարեց, որ ՀՀՊ-ի ամերիկյան համակարգը Եվրոպայում ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ : «Մենք բաց և ազնիվ էինք Ռուսաստանի հետ Եվրոպայում ՀՀՊ-ն տեղադրելու մտադրությունների առումով: Մեր մտադրությունները կապված են Իրանի կողմից մեր (եվրոպական) դաշնակիցներին ուղղված սպառնալիքի ավելացման հետ: Ռուսաստանը չունի ոչ մի պատճառ նախաձեռնել ռազմական բնույթի պատասխան միջոցներ, քանի որ ՀՀՊ համակարգը չի ազդելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հավասարակշռության վրա»,- հայտարարեց Թոները: Միաժամանակ, նա ափսոսանք հայտնեց, որ չնայած Վաշինգտոնի փորձին Մոսկվային ներգրավել երկխոսության մեջ, Կրեմլի հռետորությունը չի փոխվում:

Իր հերթին Սպիտակ տան ներկայացուցիչ Թոմմի Վայթորը խոստովանեց, որ ԱՄՆ կշարունակի համագործակցության ուղիներ փնտրել Ռուսաստանի հետ, հավելելով սակայն, որ Եվրոպայում ՀՀՊ տեղակայման աշխատանքը լավ է ընթանում, և Միացյալ Նահագները չեն տեսնում ոչ մի պատճառ մտադրություններից հրաժարվելու համար:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի խոստովանեց, որ եթե ԱՄՆ չվերանայի իր դիրքորոշումը և ՀՀՊ համակարգը տեղակայի Արևելյան Եվրոպայի երկներում, Մոսկվան «անմիջապես հրթիռային հարձակման կանխարգելման ռադիոլոկացիոն կայան կտեղակայի Կալինինգրադում»: Նա նաև Արևմուտքին սպառնաց բալիստիկ հրթիռներով, որոնք, նախագահի խոսքով «հագեցած կլինեն ՀՀՊ-ին հակազդելու համալիրներով և նոր բարձր արդյունավետություն ունեցող ռազմական դաշինքներով»: