25 դեկտեմբերի 2003 - 20:29 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍՊԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն (ԴԱՀԿԾ) շարունակում է ստուգումները Երեւանի մի շարք ավտոմատ հեռախոսակայններում: Ինչպես «Արմենպրես» գործակալությանն է հաղորդել ՀՀ արդարդատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը, ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ «ԱրմենՏել»-ի ղեկավարությունը միտումնավոր չի կատարում ԴԱՀԿԾ որոշումները: Նրա խոսքերով, ղեկավարվելով ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով, արդարադատության փոխնախարար, հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանը միջնորդություն է ներկայացրել երկրի գլխավոր դատախազին` «Արմենտել»-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: