25 նոյեմբերի 2011 - 16:25 AMT
Տնտեսագետ. Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում հայկական ապրանքների արտահանումը կարող է ավելանալ 50 մլն դոլարով

Չնայած նրան, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այնուամենայնիվ, գործում են առևտրատնտեսական կապեր: «Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում հայկական ապրանքների արտահանումը Թուրքիա և նրա տարածքով այլ երկրներ սպառողական և արդյունաբերական ապրանքների գծով կարող է ավելանալ 50 մլն դոլարով»,-նոյեմբերի 25-ին Երևանում հայտարարել է տնտեսագիտական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանը, ներկայացնելով շուկայի վերլուծությունը 7 ապրանքային խմբերով:

Այդ առնչությամբ նա բերել է Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնց համաձայն թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան 2010թ. կազմել է 190 մլն դոլար, իսկ արտահանումը Հայաստանից՝ 1,2 մլն դոլար: «Քանի որ թուրքական ապրանքները Հայաստանում այժմ բավականին շատ են, ապա բնականաբար, ներմուծմամբ զբաղվող տնտեսական օբյեկտների համար շահավետ է պայմանագրեր կնքել թուրք գործարարների հետ, ինչին էր ուղղված նաև Երևանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովը»,-ասել է նա՝ մեկնաբանելով նրա արդյունքները: Վրաստանի տարածքով Հայաստանից թուրքիա է արտահանվում կաշի և կաշվե իրեր:

Նոյեմբերի 22-ին USAID-ի աջակցությամբ Երևանում բացվեց հայ-թուրքական բիզնես-ֆորումը: Ֆորումին մասնակցում են ավելի քան 50 գործարարներ Թուրքիայի տարբեր գավառներից (Ստամբուլ, Անկարա, Մալաթիա, Իգդիր, Կարս, Դիարբեքիր և այլն): Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) օժանդակությամբ` որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (Գործատուների) միության կոնսորցիումի կողմից:

Բաց սահմանների առավելությունների թվում տնտեսագետը նշել է առևտրային հարաբերությունների լիարժեք օրենսդրական դաշտը , որը կանոնակարգվում է ԱՀԿ նորմերով, որի անդամ են հանդիսանում Հայաստանն ու Թուրքիան: