27 նոյեմբերի 2011 - 16:38 AMT
Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղի կկառուցեն Իրանի հյուսիսում

Իրանի երկաթուղիների միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Աբբաս Նազարին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստ են մասնակցել 400 միլիոն դոլար արժողությամբ Ռեշթ-Ասթարա 75-կիլոմետրանոց երկաթուղու նախագծի իրականացմանը Իրանի հյուսիսում:

Նրա խոսքով՝ այդ նախագիծը կիրականացվի BOT (Build - Operate - Transfer) պայմանագրի հիման վրա, գրում է Trend.az-ը:

Աբբաս Նազարին հաղորդել է նաև, որ դեկտեմբերին կողմերը միջազգային քոնսալթինգային ընկերության հետ պայմանագրի ստորագրման մասին որոշումն ընդունելու նպատակով հանդիպումներ կանցկացնեն, որպեսզի այդ ուղղությամբ նախնական հետազոտություններ սկսեն: Նախագիծը ծրագրվում է ավարտել երկու տարում:

Այս տարվա սկզբին Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի երկաթուղային գերատեսչությունների ղեկավարները «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի ստեղծման շրջանակում համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փաստաթուղթ էին ստորագրել:

Ընկերությունը չորս ամսվա ընթացքում կպատրաստի Ռեշթ (Իրան) - Ասթարա (Ադրբեջան) երկաթուղու շինարարության նախագծի բիզնես-պլանը:

Ներկայումս Ռուսաստանը տարեկան մոտ 20 միլիոն տոննա բեռ է փոխադրում Հնդկաստան: «Հյուսիս-Հարավ» երկաթուղին շահագործման հանձնելուց հետո այդ բեռները կփոխադրվեն հենց այդ երթուղով, ծախսերը համապատասխանաբար կնվազեն 30 տոկոսով: