28 նոյեմբերի 2011 - 11:02 AMT
Ավստրալացի պատգամավորներն իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի յոթ անդամներ երկրի իշխանություններին կոչ են արել ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանությունը հայերի, հույների և ասորիների հանդեպ, հաղորդում է «Հայ դատի» ավստրալական գրասենյակը:

Պատգամավորներ Քրեյգ Քելլին, Մալքոլմ Թերնբուլլը, Մայքլ Դենբին և Ջոել Ֆիտցիբբոնը, միանալով հայ, ասորի և հույն համայնքներին բարեկամաբար տրամադրված պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Ջոն Հոքեյին և Փոլ Քլեթչերին, հարգանքի տուրք են մատուցել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Հայերի, ինչպես նաև ասորիների և հույների` Օսմանյան կայսրության կողմից 1914-1923թթ. իրագործված ցեղասպանությունը քրիստոնյաների դեմ կանխամտածված և պարբերական քարոզարշավի արդյունք էր»,- խորհրդարանում հայտնել է Քելլին` հավելելով, որ ժամանակն է, որպեսզի Ավստրալիայի խորհրդարանը միանա աշխարհի մյուս խորհրդարաններին, որոնք ճանաչել են վերոնշյալ ցեղասպանությունները: