Նոյոմբերի 27-ին և 28-ին արդբեջանական «Black Hats» հաքերային խումբը մեծաքանակ թվով հայկական կայքեր է կոտրել։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Կոտրված կայքերը բովանդակությամբ տարբեր կայքեր են։ Դրանց թվում կան նաև լրատվական կայքեր և անգամ ԱՐԱՐԱՏ բանկի նորությունների բաժնի էջը։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, սովորաբար ադրբեջանական հաքերային խմբերը հարձակումներ են գործում կամ ինչ որ իրադարձության հետ կապված, կամ երբ նկատում են, որ տվյալ կայքին քիչ են հետևում։ «Այս անգամ դեռ անհասկանալի է ինչու և ինչպես են ընտրել այս կայքերը։ Հավանաբար, ինչ որ խոցելիություն են գտել։ Հնարավոր է, որ բոլոր կայքերը նույն հոսթինգ ծառայությունից էին օգտվում և հենց հոսթինգն են կոտրել։ Սակայն ես սա դեռ չեմ ճշտել»,-ասաց նա։
Ըստ Սամվել Մարտիրոսյանի, հնարավոր է նաև, որ հաքերները վերցրել են Armnet Awards 2011 միջոցառմանը գրանցված կայքերի ցուցակը և սկսել կոտրել։
«Ոնց նայում եմ, այս կայքերը բոլորը գրանցվել էին Armnet-ին»,-նշեց նա։