28 նոյեմբերի 2011 - 14:31 AMT
Ջավախքի բնակիչները դիմում են անձամբ Հայաստանի նախագահին քաղբանտարկյալ Չախալյանի հարցի կարգավորման համար

«Երկիր» միությունը տեղեկացրել է PanARMENIAN.Net-ին, որ առձեռն փոխանցվել է հանրագիր (կից ստորագրություններով) ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի՝ հասցեագրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանրագիրը կազմվել է Ջավախքում, այն ստորագրել է երկրամասի 1600–ից ավել բնակիչ:

Ստորև ներկայացնում ենք հանրագրի տեքստը.

«Հանրագիր ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին Ջավախքի ժողովրդից կոչ Ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության ազգային, մշակութային, լեզվական, կրոնական և կրթական արժեքների պահպանման համար, այլ նաև Ջավախքի հայաթափման ու թուրքերով վերաբնակեցման դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով:

Վերոնշյալ գործողության պատճառով Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանությունների կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների` ապօրինի ձերբակալության, դատավարության և բանտարկության։

Բանտարկված Վահագնը մարմնավորում է հայաթափվող Ջավախքի, շրջափակված Հայաստանի, Արցախի և աշխարհով մեկ սփռված հայության գոյապայքարի ճակատագիրը։

Ուստի մենք` ներքոստորագրյալներս, կոչ ենք անոմ Ձեզ` Վրաստան կատարվելիք ձեր առաջիկա այցի ընթացքում վրաց իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Վահագն Չախալյանի արդարացման և ազատ արձակման խնդիրը»։