28 նոյեմբերի 2011 - 18:29 AMT
Շքամուտքերի մալուխային ցանցի առկա վիճակը հակասում է անվտանգության պահանջներին

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառձել է բազմաբնակարան շենքերի շքամուտքերի մալուխային ցանցի կարգաբերման աշխատանքների հետ կապված խնդրին: Քաղաքապետը մասնավորապես նշել է, որ չնայած այդ աշխատանքները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պայմանագրային պարտավորությունն է, բայց կան թերացումներ և առկա վիճակը հակասում է անվտանգության պահանջներին:

Տարոն Մարգարյանը ընդգծել է նաև, որ շքամուտքերում մալուխային ցանցի անբավարար վիճակը խանգարում է քաղաքապետարանի և համատիրությունների կողմից շքամուտքերում վերանորգման աշխատանքների իրականացմանը. «Պետք է հետևողական լինել և 2012 թվականի ծրագրերով ամբողջությամբ ավարտել մալուխային ցանցի հետ կապված բոլոր խնդիրները: Չնայած աշխատանքների ծավալին` առաջնահերթ պետք է մտածել մեր բնակիչների անվտանգության մասին»: