Հայաստանի արտգործնախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են մեկնաբանել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում առկա լարվածությունը: Պատասխանելով այն հարցին, թե ֆրանսիական համանախագահ Բեռնար Ֆասյեն ինչ խորհուրդ կտա իր հետնորդ Ժակ Ֆորին ՄԽ-ում նրա առաջիկա աշխատանքում, Բեռնար Ֆասյեն նկատել է, որ Ժակ Ֆորը շատ փորձառու դիվանագետ է և գլուխ կհանի Մինսկի խմբում իր խնդրից` հավելելով, որ նրան երկար տարիներ է ճանաչում:
Համանախագահները նշել են, որ վաղը իրենք կմեկնեն Արցախ, կհատեն շփման գիծը և հաջորդ օրը` նոյեմբերի 30-ին, արդեն կհանդիպեն Ադրբեջանի նախագահի հետ:
Նոյեմբերի 28-ին տարածաշրջանային այցի շրջանակում Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), ինչպես նաև Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահների հետ միասին Հայաստան է ժամանել ՄԽ ապագա համանախագահ Ժակ Ֆորը, որը մինչ այդ հայտագրված չէր: