
Հայաստանի Ճարտարապետների միությունում «Ճարտարապետական գործունեություն և օրենսդրություն» ծրագրի շրջանակում այսօր կազմակերպվել էր «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային և մասնագիտական քննարկում։
«Դեռ 2002 թվականին էինք ուզում մշակել ճարտարապետական գործունեության մասին օրենք, քանի որ «Ճարտարապետների միության» դերը որպես զուտ հասարակական կազմակերպություն բավարար չէ։ Բոլոր երկրներում ճարտարապետների միությունները մեծ դեր ունեն ճարտարապետների պաշտպանվածության, որակավորման բարձրացման, վկայագրեր տալու և պրոֆեսիոնալ մնացյալ գործողությունների ապահովման ժամանակ»,- ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
Նա նշեց, որ օրենքը մշակել են ճարտարապետներ, քաղաքաշինության նախարարության մասնագետներ և այլն. «Հիմա օրենքը դնում ենք շրջանառության մեջ, որ միության 700 անդամներն իմանան՝ ինչի մասին է»։ Օրենքի նախագծման աշխատանքներին մասնակցած ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ նախագծի վրա աշխատանքները սկսվել են դեռևս 2007 թվականից։
«Օրենքի նախագծի շարադրման համար մեզ պետք էր փորձ։ Քանի որ մասնագիտության վերաբերյալ այդ փորձը մեր հանրապետությունում չկա, մենք հավաքագրեցինք նյութեր տարբեր երկրներից»,- ասաց նա և հավելեց, որ իրենք այդ ընթացքում ուսումնասիրել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի օրենսդրական դաշտը։
«Վերջերս հայտնաբերեցինք նաև «Ճարտարապետների միջազգային միության» չափանիշները, որն ընդունվել է որպես ղեկավարում բոլոր երկրների ճարտարապետների միությունների կողմից։ Հենց այդ սկզբունքներն են հիմնականում դրված այս օրենք նախագծի հիմքում»,- մանրամասնեց Սաշուր Քալաշյանը։
Նա նշեց, որ «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծն առաջին հերթին կարգավորում է ճարտարապետի իրավասության խնդիրը՝ ինչպե՞ս է որոշվում նրա իրավասությունը, ի՞նչ չափանիշներով։ 2-րդ խնդիրը, որը կարգավորվում է օրենքով, ճարտարապետի անկախությունն է. «Այսօր մենք կախված ենք պատվիրատուից, տեղական ինքնակառավարման մարմինների կամայականություններից և գրեթե միշտ տանուլ ենք տալիս»։
3-րդ կետը պարտավորություններն են՝ ճարտարապետը պարտավորություն է վերցնում իր անելիքների համար։ Ըստ Քալաշյանի, սա հիմնականում բարոյականության կոդեքսի ապահովումն է, որ ճարտարապետը լինի բարեխիղճ։ 4-րդ հանգամանքը պարտականություններն են. ճարտարապետը պետք է ունենա պատասխանատվության զգացում և չստանձնի այն գործը, որն իր ուժերից վեր է։