1 դեկտեմբերի 2011 - 09:40 AMT
Ճապոնիան կարող է լրացուցիչ պատժամիջոցներ ներմուծել Իրանի հանդեպ

Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է Իրանի հանդեպ նոր լրացուցիչ պատժամիջոցների ներմուծման հնարավորությունը` կապված արտերկրի դեսպանությունների աշխատակիցների և ունեցվածքի անվտանգության պատշաճ մակարդակն ապահովելու` այդ երկրի անընդունակության հետ, հաղորդում է NHK հեռուստաալիքը: Ելույթ ունենալով լրագրողների առջև չորեքշաբթի օրը` արտաքին գործերի նախարար Կոիտիրո Գեմբան ընդգծել է, որ Ճապոնիան դատապարտում է բռնության ակտերը, որոնք տեղի են ունեցել Թեհրանում: Բացի դրանից, Ճապոնիայի ԱԳ նախարարը Իրանին կոչ է արել թույլ չտալ նման իրավիճակների կրկնությունն ապագայում: Ճապոնիայի կողմից լրացուցիչ պատժամիջոցների ներմուծման մասին որոշումը կընդունվի այլ պետությունների հետ այդ երկրի իշխանությունների խորհրդակցություններից հետո:

Նախօրեին արմատական տրամադրված մի խումբ իրանական ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները խուժել էին բրիտանական դիվանագիտական առաքելության շենք, պոկել և այրել Միացյալ Թագավորության դրոշը` փոխարենը ամրացնելով իրանական դրոշը: Բողոքարարները նաև թափանցել էին դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ շենք, որտեղ գաղտնի փաստաթղթեր են առևանգել: