23 ապրիլի 2003 - 19:16 AMT
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ
Անկարայում Ֆրանսիայի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Դոմինիկ Դե Վիլպենի եւ Աբդուլլա Գյուլի միջեւ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայոց ցեղասպանության թեման: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին պետք է գնահատականներ տան պատմաբանները: Ընդ որում նա հայտարարել է «Ֆրանսիայի եւ Թուրքիայի համագործակցության վրա ստվեր գցելու ցանկություն ունեցող շրջանակների» առկայության մասին եւ կոչ է արել բացառել «երեւույթները, որոնք կարող են խանգարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը»: Ա. Գյուլի խոսքերով, թուրք հասարակայնությունը շատ զգայուն է այդ հարցի նկատմամբ: Իր հերթին, մեկնաբանելով Փարիզի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան բացելու մասին որոշումը, Դոմինիկ դե Վիլպենը հատարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը չի կարող ազդել քաղաքային իշխանությունների որոշումների վրա: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը դեռեւս 2001 թվականին ստորագրել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայերի ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի եւ Սենատի կողմից: