1 դեկտեմբերի 2011 - 19:50 AMT
Նորվեգիայում որոշել են կրկին բացել իրենց դեսպանությունը Իրանում

Նորվեգիայի իշխանությունները որոշել են կրկին բացել իրենց դեսպանությունը Իրանում, որը փակվել էր Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա տեղի ուսանողների հարձակումից հետո:

Ինչպես հայտնել է Նորվեգիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հիլդա Սթեյնֆելդը, դեսպանատունը կրկին բացվել է դեկտեմբերի 1-ին` այն բանից հետո, երբ նորվեգական դիվանագետները վերանայել են Թեհրանում անվտանգության մակարդակի գնահատականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նորվեգիան իրանական իշխանություններին խնդրել է ապահովել Թեհրանում դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը: Կատարված աշխատանքի արդյունքների մասին Օսլոյում Իրանի դեսպանը ավելի ուշ պետք է հաղորդի Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը:

Նոյեմբերի 29-ին արմատական տրամադրված մի խումբ իրանական ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները խուժել էին բրիտանական դիվանագիտական առաքելության շենք, պոկել և այրել Միացյալ Թագավորության դրոշը` փոխարենը ամրացնելով իրանական դրոշը: Բողոքարարները նաև թափանցել էին դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ շենք, որտեղից գաղտնի փաստաթղթեր են առևանգել: