2 դեկտեմբերի 2011 - 09:46 AMT
Սիրիական ընդդիմությունը փորձում է համոզել Ռուսաստանին աջակցել Բաշար Ասադի ռեժիմի վրա ճնշմանը

Սիրիայի Ազգային խորհրդի՝ ՍԱԽ, առաջնորդ Բուրհան Գալյունը Wall Street Journal-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ այժմ բանակցություններ են ընթանում այն ուղղությամբ, թե ինչպես համոզեն Ռուսաստանին աջակցել «միջամտությանը, որը չի վերափոխվի լիբիական ոճի ռազմական միջամտության»: Նա հայտարարել է. «Մենք ռուսներին համոզում էինք, որ չենք ցանկանում Սիրիան ներգրավել լայնամասշտաբ ռազմական միջամտության մեջ, և ցանկանում ենք, որ Ռուսաստանը մասնակցի բոլոր հումանիտար միջամտությունների որոշումների կայացմանը»:

Գալյունի խոսքով, սիրիական ընդդիմությունը խնդրել են Ռուսաստանի մասնակցությունը «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման ընդունմանը այն համատեքստում, որը կխոչընդոտի ՆԱՏՕ-ի միջամտությանը Սիրիայում»:

Նոյեմբերին արևմտյան երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով փորձում էին միջազգային պատժամիջոցներով սպառնալ սիրիական կառավարությանը, սակայն Ռուսաստանը և Չինաստանը արգելափակեցին համապատասխան որոշման ընդունումը: Ռուսատանը դեմ է հանդես գալիս նրան, որ Սիրիայում կրկնվի լիբիական սցենարը, ինչը հանգեցրեց Մուամար Քադդաֆիի ռեժիմի տապալմանը:

Սիրիայում արդեն 8 ամիս է չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել էին մարտի կեսերից երկրի հարավում, ապա տարածվեցին այլ մարզերում: Ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջը ողջունվում է ԱՄՆ և ԵՄ երկրների կողմից, որոնք Դամասկոսի դեմ մի շարք պատժամիջոցներ են սահմանել:

ՄԱԿ-ի տվյալներով, երկրում ընդհարումների հետևանքով զոհերի քանակը գերազանցում է 4000: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերից ավել քան 1.5 հազար զոհերի մասին, այդ թվում նաև իրավապահ մարմինների ավելի քան 1.1 հազար աշխատակիցների: