15 դեկտեմբերի 2003 - 23:20 AMT
ԵԱՀԿ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՇԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Ուկրաինան հսկայական առաջընթաց են արձանագրել ժողովրդավարության հիմքերի կառուցման ճանապարհին: Այդ մասին, ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեկսանդր Ալեկսեեւը` ելույթ ունենալով խորհրդի նիստում: Ընդ որում նա նկատել է, որ նախկին ԽՍՀՄ մյուս երկրներում էլ ընտրությունները անցնում են ընտրական օրենսդրության բազմաթիվ խախտումներով, սակայն չգիտես ինչու ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրամիությունը ոչ մի անգամ չեն շոշափել այդ թեման: «Ինչու՞ մշտապես խոսվում է միայն Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մասին», - հետաքրքրվել է նա: Ալեկսեեւի խոսքերով, ԱՊՀ երկրներից շատերը հսկայական առաջընթաց են գրանցել ժողովրդավարության հիմքերի կառուցման ճանապարհին, ինչը հաճախ անտեսվում է ԵԱՀԿ կողմից: Որպես նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ եվրոպական հասարակայնության անհավասար վերաբերմունքի օրինակ նա բերել է այն փաստը, որ «չնայած Լատվիայի եւ Էստոնիայի ռուսալեզու բնակչության հարյուր հազարավոր ներկայացուցիչների ընտրական իրավունքների զանգվածային սահմանափակումներին», այդ երկրներում կայացած ընտրությունները չգիտես ինչու չեն քննարկվել ԵԱՀԿ Մշտական խորհրդում: