Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, ինչպես նաև ԳԱԱ-ն աշխատում են Վրաստանի ու Ադրբեջանի սահմանագծում գտնվող Դավիթ Գարեջի վանքի պատկանելության հարցի վրա, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Այդ առնչությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը աղվանական է անվանել Վրաստանի հետ սահմոնւմ գտնվող մշակութային արժեքները: Ըստ նրա, այժմ ադրբեջանական կառույցները «ճշտում են Ադրբեջանի ու Վրաստանի սահմանում հին աղվանական մշակույթի նմուշների պատկանելությունը»:
Դավիթ Գարեջի հին վրացական վանքը վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման ձգձգման հիմնական պատճառն է: Վանական համալիրը հիմնվել է VI դարում, որից հետո մի քանի անգամ վերակառուցվել է: Այդ համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Վրաստանն Ադրբեջանի հետ ունի 446կմ ընդհանուր երկարությամբ պետական սահամ, որի մեկ երրորդը դեռևս սահմանազատված չէ:
Ըստ Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեի, վիճահարույց տարածքներ են համարվում Դավիթ Գարեջի վանքն ու Էրիսմեդի գյուղը: Բաքվում հայտարարում են, որ վանքը «աղվանական մշակույթի» նմուշ է: