2 դեկտեմբերի 2011 - 15:42 AMT
Ռուսաստանը զինում է Դամասկոսի՞ն

Սիրիայում իրադրության սրման պայմաններում, երբ գնալով նորանոր երկրներ են միանում Բաշար Ասադի վարչակարգի դեմ պատժամիջոցներին, իսկ Եվրամիությունը խստացնում է այդ պատժամիջոցները, Ռուսաստանը զինում է Դամասկոսին, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Ուրբաթ օրը Դամասկոսը «Յախոնտ» հականավային գերձայնային թևավոր հրթիռներով «Բաստիոն» ափային համալիրներ է ստացել: Այդ հրթիռները լրջորեն անհանգստացնում են Իսրայելին և, արևմտյան մամուլի կարծիքով, առաջնային զենք են, որը գրեթե անհնար է չեզոքացնել թիրախի ճանապարհին:

Ռուսաստանն ամեն կերպ փորձում է ընդգծել, որ պարզապես կատարում է ավելի վաղ կնքված գործարքները, և որ սպառազինության մատակարարումը ոչ մի կերպ կապված չէ այդ երկրի շուրջ իրադրության ներկայիս լարվածության հետ: Մասնավորապես, ուրբաթ օրը Մոսկվայում տեղեկացված ռազմա-դիվանագիտական աղբյուրը, հաղորդելով «Յախոնտերի» մասին, պարզաբանել է «Ինտերֆաքսին», որ խոսքը գնում է դեռևս 2007 թվականին կնքված գործարքի շրջանակում մատակարարումների մասին:

Մատակարարումների ճշգրիտ ժամկետներն ու ծավալները աղբյուրը հրաժարվել է նշել: Նա միայն հասկացրել է, որ գործարքն ամբողջությամբ կատարելու մասին առայժմ վաղ է խոսել: «Դեռևս ժամանակ կպահանջվի այդ համալիրների շահագործմանը սիրիական անձնակազմին ուսուցանումն ավարտելու համար»,- ասել է աղբյուրը:

Գործակալության մեկ այլ աղբյուր հաղորդել է, որ Դամասկոսը նախատեսում էր առնվազն երկու «Բաստիոն» համալիր ստանալ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մինչև 36 «Յախոնտ» հրթիռներից: «Այդ սպառազինությունը թույլ կտա պաշտպանել Սիրիայի ողջ ափային գիծը ծովի կողմից հնարավոր հարձակումից»,- ճշտել է նա:

Սիրիայում վերջին 8 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: