Իրանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման գործով, հաղորդում է Mehr գործակալությունը:
«Այդ միջադեպի հետաքննության համար խումբ է կազմակերպվել»,- հայտնել է Թեհրանի նահանգապետ Մորթեզա Թամադդոնը:
Նոյեմբերի 29-ին թշնամաբար տրամադրված մի խումբ իրանական ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները խուժել էին բրիտանական դիվանագիտական առաքելության շենք, պոկել և այրել Միացյալ Թագավորության դրոշը` փոխարենը ամրացնելով իրանական դրոշը: Բողոքարարները նաև թափանցել էին դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ շենք, որտեղից գաղտնի փաստաթղթեր էին առևանգել:
Նոյեմբերի 30-ին Իրանի ԱԳՆ-ը հարձակման կապակցությամբ իրանական իշխանությունների ափսոսանքը հայտնող ուղերձ տարածեց: Նույն օրը Մեծ Բրիտանիան իրանական դիվանագետներին կարգադրեց անհապաղ լքել դեսպանատունը Լոնդոնում: