2 դեկտեմբերի 2011 - 16:01 AMT
Երկաթուղու համակարգը «ՀԿԵ» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կկատարվեն

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում այսօր ստորագրվել է Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության անունից համաձայանգրի նախագիծը ստորագրել է Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ռուսական կողմից` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշետնիկովը եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլլինը:

Նշենք, որ համաձայնագրի նախագիծը ստորագրվել է երկօրյա եռակողմ քննարկումների արդյունքում, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը: