2 դեկտեմբերի 2011 - 18:24 AMT
Էդվարդ Նալբանդյան. Մենք մեծ առաջընթաց ենք տեսնում Շվեյցարիայի հետ հարաբերություններում

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 1-2-ը Փարիզում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) նախարարական համաժողովին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՖՄԿ նախարարական հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության 70 անդամ, ասոցացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունները:

Նախարարական համաժողովի օրակարգում էին 2010 թ. հոկտեմբերին կայացած Մոնտրոյի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը:

Նախարարական հանդիպմանն ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը, ով կարեւորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության դերը բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ համերաշխության ամրապնդման գործում:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Երեւանում կայացած Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի արդյունքները:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց այս տարի երկկողմ հարաբերություններում արձանագրված զգալի առաջընթացով, ինչը նշանավորվեց երկու երկրների ղեկավարների փոխադարձ պաշտոնական այցելություններով: Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Կալմի-Ռեյը նշեցին, որ հաճախակի հանդիպումները հնարավորություն են ընձեռում մշտապես հետեւելու նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ նախանշելու նոր քայլեր: