2 դեկտեմբերի 2011 - 21:11 AMT
ՀՀ ԱԳՆ. Բաքվում նախ պետք է մտածեն Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի հետ երկխոսության մասին

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է միջհամայնքային երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության հետ հավասարազոր հարթության վրա դնելու` Ադրբեջանի պաշտոնյաների փորձերը: «Եթե պաշտոնական Բաքուն իրոք շահագրգիռ է միջհամայնքային երկխոսության կազմակերպման հարցում, ապա նա առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկի կազմակերպելու համար միջհամայնքային երկխոսություն Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի և Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների միջև: Դա բարոյական իրավունք կտա Ադրբեջանի ղեկավարությանը դիմելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը` նույնպես նախաձեռնելու միջհամայնքային երկխոսություն»,- ասել է նա:

Քոչարյանի խոսքով` հայկական կողմերը մեծապես կարևորում են վստահության միջոցների ամրապնդման խնդիրը, որը բազմաթիվ տարրերից բաղկացած ամբողջական փաթեթ է: «Այդ տարրերից են` ժողովուրդների միջև ատելություն և թշնամանք սերմանող պետական քարոզչությունից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը, հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգության ոչ թե ոչնչացումը, այլ պահպանումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը, շփման գծից դիպուկահարների ետքաշումը, տարբեր ոլորտներում համագործակցության, ինչպես նաև հասարակությունների տարբեր խմբերի միջև շփումների և երկխոսության խթանումը»,- ընդգծել է նա: Փոխնախարարի խոսքով` Ադրբեջանը ընտրովի է մոտենում առկա խնդիրներին, առանձնացնելով ամեն ինչից իրեն ձեռնտու տարրերը և աղավաղելով խնդրի բուն էությունը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: