Դեկտեմբերի 3-ին ժամը 08:00-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շիրվանզադեի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստի» թիվ 14 բաժանմունքում ավազակային հարձակում է կատարվել: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ոստիկանությունից, դիմակով անձը ներխուժել է փոստային բաժանմունք և դանակի սպառնալիքով փոստային բաժանմունքի պետի ձեռքից հափշտակելով ինկասացիոն պարկը, որի մեջ եղել է 27.117.000 դրամ` դիմել է փախուստի: Ինչպես ասել են գործակալության թղթակցին, ոստիկանությունը դեռևս չի կարող տեղեկատվություն տրամադրել այդ դեպքի վերաբերյալ, քանի որ հանգամանքները դեռևս պարզված չեն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 30-ին 18:30-ի սահմաններում ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ անհայտ դիմակավոր ոճրագործը ներխուժեց «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 բաժանմունք՝ Դավիթ Մալյանի 4 հասցեով: Հանցագործը հափշտակեց 1,354 մլն դրամ և թաքնվեց: