Երևանում քննարկում է տեղի ունեցել «Երիտասարդությունը Եվրասիական միությանն ընդառաջ» թեմայով, որը կազմակերպել էին «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ն ու ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել «Եվրասիական ինտեգրացիա» հետազոտական ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանը, նման քննարկումներն անհրաժեշտ են, որպեսզի հայ հանրությունը ծանոթանա Եվրասիական միության գաղափարին, առավել իրազեկ դառնա այդ հարցում:
Ինչ վերաբերում է նրա անձնական դիրքորոշմանն այդ հարցում, ապա Հարությունյանը նշել է. ««Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ն դեռ իր առաջին խորհրդաժողովում՝ ամռանը, հայտարարեց, որ Հայաստանը պետք է դառնա եվրասիական ընտանիքի մի մասը, և այն ժամանակ դեռ խոսակցություններ չկային այդ միության մասին և չէր եղել Վլադիմի Պուտինի հայտնի հարցազրույցը»:
«Մենք չպետք է սպասենք, թե երբ կձևավորվի միությունը ու միանանք նրան, այլ պետք է մասնակցենք կազմավորման աշխատանքներին, ինքներս նախաձեռնող լինենք: Իշխանությունների քաղաքականությունը եվրասիական ինտեգրման հարցում մեղմ ասած անհասկանալի է ու անտրամաբանական»,-ասել է նա: