ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը չգիտի, կլինեն արդյոք ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների 18-րդ նիստի շրջանակներում առանձին հանդիպումներ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, թե ոչ: «Ես չեմ ցանկանում կանխատեսել իրադարձությունները: Չէի ցանկանա խոսել այժմ, թե ինչ հանդիպումներ կլինեն, հատկապես այդ առումով: Շատ հանդիպումներ են նախատեսված, քանի որ այստտեղ ներկա են 45 նախարարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»,-ասել է Աժուբալիսը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում նախանշված էր Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն կհավաքի ԵԱՀԿ 56 երկրների ԱԳ նախարարներին, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում ու Ասիայում 12 գործընկեր երկրների: Նիստին մասնակցում է նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Նիստի շրջանակներում ակնկալվում է նոր մեդիաների, լրագրողների անվտանգության ու էներգաանվտանգության, կիբերսպառնալիքների ու թմրանյութերի տարածման դեմ պայքարի, ռազմական ու անվտանգության ոլորտում կարևոր որոշումների կայացում: