6 դեկտեմբերի 2011 - 18:37 AMT
Այսօր Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը կներկայցնի իր նոր CD-ն

Այսօր` դեկտեմբերի 6-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի է ունենալու Գյուրջիևի անվան ժող. նվագարանների համույթի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը:

Հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ.Ի.Գյուրջիևի երաժշտությունը ժողովրդական գործիքներով ներկայացնող ձայնասկավառակը թողարկվել է աշխարհում մեծ հեղինակություն վայելող գերմանական ECM Records-ի կողմից:

Գուրջիևյան այս մեղեդիները` նրա աշակերտ Թոմաս Դե Հարթմանի դաշնամուրի համար կատարած շուրջ 300 գրառումներից ժողովրդական գործիքների համար մշակել է Լևոն Իսկէնյանը, ով հաշվի է առել յուրաքանչյուր գործի էթնիկ պատկանելությունը և արել է հնարավորն ազգագրական առումով ճշգրիտ մշակումներ կատարելու համար։ Սկավառակում ընդգրկվել են այդ մշակումներից 17-ը:

Ձայնասկավառակն արժանացել է ջերմ ընդունելության՝ ամբողջ աշխարհում, և միջազգային մամուլի հեղինակավոր անունների (ինչպես օրինակ BBC Music Magazine,The Guardian, The Financial times, The Independent, USA National public Radio NPR Music, Mitteldeutsche Zeitung,L’Unita,LA LIBERTÉ,The Wire) չափազանց բարձր գնահատականին։ Բրիտանական Songlines magazine¬ն այն ընդգրկել է աշխարհի 10 լավագույն CD ալբոմների շարքում, Ավստրալիայի պետական ռադիոն սեպտեմբերին այն ճանաչել է շաբաթվա լավագույն ալբոմ։

Գուրջիևի անվան ժող. նվագարանների համույթը հիմնադրվել է 2008թ. Լևոն Իսկէնյանի կողմից և իր առաջին համերգը տվել է Գյուրջիևի հայրենիքում` Գյումրիում: Բացի դրանից, խումբը ելույթ է ունեցել Հրազդանում, Չարենցավանում, Վանաձորում և այլ քաղաքներում: