
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչը հույս է հայտնել, որ 2012 թվականին Հայաստանում թափանցիկ և արդար խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: Այդ մասին նա հաղորդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստի շրջանակում, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: «Հուսով եմ, որ ընտրական օրենսդրության այդ փոփոխությունները կնպաստեն Հայաստանում ազատ, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացմանը»,- ընդգծել է նա:
Ընտրական օրենսդրության փոփոխությունների իրականացմանը հավանություն է տվել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, որի հետ Նալբանդյանը քննարկել է նաև ԵԱՀԿ օրակարգային հարցերը, հակամարտությունների կարգավորմանը, ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանն առնչվող հարցեր:
Հայաստանի արտգործնախարարը ընտրական օրենսդրության փոփոխությունները քննարկել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի և 2012 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Իռլանդիայի Եվրոպական հարցերով պետնախարար Լուսինդա Կրեյթոնի հետ: Քննարկման ընթացքում կողմերը վերահաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, հակամարտության գոտում վստահության միջոցների և անվտանգության ապահովման ամրապնդմանն աջակցելու պատրաստակամությունը:
Բացի այդ, նիստի շրջանակում Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել Ուկրաինայի, Ավստրալիայի, Ֆինլանդիայի, Կիպրոսի ԱԳ նախարարներ Կոնստանտին Գրիշչենկոյի, Քևին Ռուդի, Էրկկի Տուոմիոայի, Էռատո Կոզակով- Մարկովալիսի, ինչպես նաև Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնի հետ: