9 դեկտեմբերի 2003 - 18:40 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՊԿ-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: Իսկ դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Ս. Սարգսյանի մասնակցությամբ տեղի կունենա ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նշենք, որ համաձայն ռուսաստանյան աղբյուրների` նախարարները կհաստատեն ՀԱՊԿ-ի միավորված շտաբի մասին դրույթը, որը կսկսի գործել 2004 թվականի հունվարից Մոսկվայում: Կքննարկվեն նաեւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արագ ծավալման հավաքական ուժերի կառավարմանն առնչվող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները կքննարկեն նաեւ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսության հիմնական ուղղությունները: Սպասվում է, որ համաժողովի մասնակիցներին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: