Հարավային Լիբանանում ճանապարհամերձ ռումբի պայթյունի արդյունքում այդ շրջանում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևող հինգ ֆրանսիական խաղաղապահ է տուժել, հաղորդում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բուրջ ալ-Շիմալի գյուղի մոտ` Տիր քաղաքի մերձակայքում. զրահապատ մեքենան, որով ընթանում էր ֆրանսիական պահակախումբը, ճանապարհից դուրս է նետվել պայթյունով, որը մեկ մետր խորությամբ փոս է առաջացրել:
Ահաբեկչությունից կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել խաղաղապահների գործընկերները, ինչպես նաև շտապ օգնության մեքենաներ, որոնցով վիրավորներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Բժիշկների հաղորդմամբ, ֆրանսիացիներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մնացածների կյանքին ոչինչ չի սպառնում:
Ոչ ոք չի ստանձնել հարձակման համար պատասխանատվությունը: Լիբանանյան իշխանությունները ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմից մասնագետների հետ համատեղ արդեն սկսել են կատարվածի հետաքննությունը, հաղորդում է lenta.ru-ն: