10 դեկտեմբերի 2011 - 12:56 AMT
Դավիթ Բաբայան. Արցախի համար այսպես կոչված միջհամայնքային երկխոսության ձևաչափն անընդունելի է

Արցախի համար այսպես կոչված միջհամայնքային երկխոսության ձևաչափն անընդունելի է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հրաժավելը այսպես կոչված ադրբեջանական համայնքի հետ հանդիպումից, ուղղված է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ձախողմանը: Ըստ նրա, Արցախի համար չկա հասկացություն՝ ԼՂՀ հայ կամ ադրբեջանական համայնք: «Կա Լեռնային Ղարաբաղ կայացած պետությունը և հակամարտությունը պետք է լուծվի Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով»,-ասել է նա՝ հավելելով, որ նման շահարկումները կարող են բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան գործընթացի վրա:

Ընդ որում Դավիթ Բաբայանը նշել է, որ քանի որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ավելի լավ կլիներ, եթե երկիրը վերանայեր ազգային-պետական քաղաքականությունը և ավելի շատ իրավունքներ տար ազգային փոքրամասնություններին: «Ադրբեջանը պետք է հրաժարվի ազգայնական-ժողովրդավարական համակարգից, դա կնպաստի երկրում ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդրի լուծմանը»,-ասել է Բաբայանը: