13 դեկտեմբերի 2011 - 15:06 AMT
Սամվել Տեր-Սահակյան. 8-րդ տուրից հետո ես հավատացի, որ աշխարհի չեմպիոն կդառնամ

Մինչև 18 տ շախմատի աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նա շատ է մարզվել, ինչն էլ օգնել է նրան ոսկե մեդալ նվաճել Բրազիլիայում: Աշխարհի առաջնությունում հայ գրոսմայստերը 9 տուրերում 7 հաղթանակ է տարել և միայն երկու պարտիաներում կիսել միավորներ մրցակիցների հետ:

«Իրականում առաջնությունն այնքան էլ հեշտ չէր, սակայն ես դժվարություններ չունեցա, քանի որ 6 տուր անընդմեջ հաղթանակներ տարա: Հետո պետք էր միայն պահպանել առաջին տեղը մրցաշարային աղյուսակում»,-խոստովանել է շախմատիստը:

Տեր-Սահակյանը նշել է, որ ամենաբարդն իր համար 7-րդ տուրն էր, երբ նա խաղում էր ռուս շախմատիստ Վլադիմիր Ֆեդոսեևի հետ. «Պարտիայի սկզբում նա խաղում էր միայն հաղթանակի համար, մենք մոտ 5 ժամ պայքարեցինք և պարտիան ավարտվեց ոչ ոքի: Դա ամենաբարդ հանդիպումն էր, արդյունքում մրցակիցը զբաղեցրեց 2-րդ տեղը»:

Ըստ շախմատիստի, 8-րդ տուրից հետո նա հավատաց, որ աշխարհի չեմպիոն կդառնա: «Հաղթանակից հետո ինձ շնորհավորեցին երեք հայ շախմատիստները, որոնք ևս մասնակցում էին մրցաշարին և մեր մարզիչ Արտաշես Մինասյանը: Ես շատ ուրախ էի, որ կարողացա նվաճել ոսկե մեդալ»,-ասել է Տեր-Սահակյանը:

2012թ. շախմատիստը հանդես կգա Հայաստանի առաջնությունում, հետո պարզ կդառնա, թե որ միջազգային մրցաշարերին նա կմասնակցի: