Հայերի էթնիկ զտումները Ադրբեջանում ունեցել են ալիքային բնույթ: «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի տարածած զեկույցում նշվում է, որ այդ ալիքների բարձրակետերն էին Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադի) և Բաքվի ջարդերը, Գետաշենի ենթաշրջանի և ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանի բնակչության տարհանումը, որոնք տեղի ունեցան 1988-ի փետրվարից մինչև 1991-ի կեսերն ընկած ժամանակահատվածում: Սակայն այդ բռնության բարձրակետերի միջակայքում ևս իրավիճակը խիստ տանգնապալի էր` մեծ քանակությամբ հայազգի քաղաքացիներ, տեղի տալով ամենօրյա ահաբեկումներին, հեռացան Ադրբեջանից տարբեր ուղղություններով:
Հետևաբար, ադրբեջանահայությանը հասցված բարոյական և նյութական վնսաների իրական չափը հաշվարկելու համար հարկավոր է նաև ուղղորդված աշխատանք կատարել Հայաստանում և Արցախում` փախստականի կարգավիճակ չստացած, սակայն, փաստացի փախստական հանդիսացող մարդկանց կրած վնասները ճշգրտելու ուղղությամբ: Հասարակական մակարդակով այդ աշխատանքը այսօր իրականացնում է «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը, որին հաջողվել է կապ հաստատել տարբեր աշխարհամասերի պետություններում հաստատված ադրբեջանահայերի հետ, սակայն այդ գործընթացի արդյունավետությունն ապահովվելու համար, գտնում են, որ հարկավոր է, որպեսզի Հայաստանն ու Արցախը պետական մակարդակով մշակեն և իրականացնեն համապատասխան քաղաքականություն` ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների ներգրավմամբ:
«Մեր կողմից կատարած հետազոտությունը, որը հիմնված է փախստականների կողմից ներկայացված դիմում-հարցաթերթիկներում պարունակվող տվյալների վրա, ցույց է տալիս, որ միջին հաշվով մեկ հայ փախստականին հասցված միայն ուղղակի նյութական վնասի չափը կազմում է մոտ 112 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը ստացվել է ցանցին փոխանցված մոտ 35 հազար դիմում-հարցաթերթիկներից պատահականության սկզբունքով ընտրված 1000-ի մշակման արդյունքում»,- նշվում է զեկույցում:
Ստացվում է` միայն անմիջական նյութական վնասը, որ հասցվել է հայ փախստականներին, կազմում է մոտավորապես 56 միլիարդ դոլար: Առանձին հաշվարկ պետք է կատարվի հալածանքների, ահաբեկումների, ազգային ու կրոնական հողի վրա ադրբեջանահայության նկատմամբ խտրական վերաբերմունքի արդյունքում հասցված բարոյական վնասների մասով: Այստեղ, նախ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ադրբեջանահայությունը նաև բռնի կերպով զրկվել է իր հայրենիքից և վտարվել այնտեղից, ինչի փոխհատուցման մեխանիզմը ևս պետք է գտնվի, ընդ որում, թերևս, բացառված է հայերի վերադարձը Բաքու, Կիրովաբադ և այլ` նախկինում հայաշատ բնակավայրեր: