13 դեկտեմբերի 2011 - 16:59 AMT
Բաքուն հայտարարում է, որ ԱՄՆ-ն օգտագործում է մարդու իրավունքների հարցը որպես Ադրբեջանի հանդեպ ճնշման միջոց

Ափսոսանք է հարուցում այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բացասական կարծիք է հայտնել Ադրբեջանի մասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ունեցած իր ելույթում, ինչը հեռու է անաչառությունից, ճեպազրույցում ասել է Ադրբեջանի «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, միլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին:

2011թ. դեկտեմբերի 9-ի իր հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Ադրբեջանը բերել է որպես բացասական օրինակ:

Ըստ Ղուրբանլիի, ԱՄՆ նման հայտարարությունների ետևում ամենևին մարդու իրավունքների պաշտպանությունը չէ, այլ բոլորովին այլ մտադրություններ: «Ադրբեջանը վավերացրել է Մարդու իրավունքների հռչակագիրը: Սահմանադրությունն ընդունելիս Ադրբեջանը հենվել է մարդու իրավունքների սկզբունքների վրա, որոնք արտացոլում են համընդհանուր հռչակագրի դրույթները: Այլ երկրների հանդեպ նման պահանջներ ներկայացնելու համար, հարկավոր է օրինակ ծառայել: Քանի որ ԱՄՆ մինչ օրս չի վավերացրել 1948թ. Մարդու իրավունքների հռչակագիրը որպես պաշտոնական փաստաթուղթ»,-ասել է պատգամավորը: «Եթե ԱՄՆ-ն ընդուներ այդ փաստաթղթերը, ապա այսօր Նյու Յորքում սոցիալական իրավունքների համար պայքարող երիտասարդների դեմ ոստիկանություն չէր դուրս բերվի և մեկ օրում 600 մարդ չէր ձերբակալվի»,-ասել է նա: Ըստ նրա, ԱՄՆ-ն օգտագործում է մարդու իրավունքների հարցը որպես Ադրբեջանի հանդեպ ճնշման միջոց, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: