Sotheby’s աճուրդի տանը օրերս վաճառված 17 դարի հայկական ավետարանը կապ չունի Հայ առաքելական եկեղեցու Սպահանի թեմի թանգարանում գողացված իրերի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սպահանի թեմի թեմական խորհրդի ատենապետ Նորայր Մինասյանը:
Իրանի հայկական «Արաքս» շաբաթաթերթը նշել էր, որ թեմը չի հրապարակել Վանքից անհետացած իրերի ցուցակը եւ հստակեցրել, արդյո՞ք այդ ձեռագիր ավետարանը պատկանում է վանքի թանգարանին թե ոչ: Այս տարի հունիսի 12-ին, Լոնդոնում երկու հայ փորձել են վաճառքի հանել Սպահանի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից թալանված 14-րդ եւ 17-րդ դարերին պատկանող հայկական ազգային ժառանգության մասունքներ, որոնց գողության մասին թեմը լռել էր: Հոկտեմբերի 3-ին, Սպահանում, երեք կասկածյալներ ձերբակալվել էին, ոստիկանության կողմից առգրավվել էին մի շարք գողացված իրեր: Դրանից հետո դարձյալ թեմը չի ցանկանում հրապարակել գողացված իրերի ցուցակը:
«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ Սպահանի թեմը չի սիրում աշխատել թափանցիկ, և դա, ըստ նրա, պատասխաններից խուսափելու լավագույն տարբերակն է, քանի որ մեկ հարցին պատասխանելով, նրանց առաջ մի շարք նոր հարցեր կդրվեն:
Հիշեցնենք, որ օրերս Sotheby’s աճուրդի տանը 13.750 ֆունտ ստեռլինգով վաճառվել է 17 դարի հայկական անհայտ ծագման ձեռագիր ավետարան, որի վաճառողի և գնողի անունները չեն հրապարակվում: