Ռուսաստանում ընթացող բողոքի ցույցերը Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ ուղղակի ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ քաղաքագետի, ներքաղաքական գործընթացները Հայաստանում պայմանավորված են առաջիկա ընտրությունների նախապատրաստմամբ:
Նա նշել է նաև, որ Հայաստանի հիմնական տարբերությունը Ռուսաստանից նրանում է, որ Հայաստանում արդեն կա ձևավորված ընդդիմություն:
Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցան ՌԴ Պետդումայի ընտրությունները, որտեղ հաղթանակ տարավ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը, որը հավաքեց 49,32 տոկոս: Դեկտեմբերի 5-ին ՌԴ ողջ տարածքում սկսվեցին բողոքի ցույցեր: Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ամենազանգվածային ցույցին մասնակցեց մոտ 25 հազար մարդ: