Օբամայի վարչակազմն անհանգստացած է, որ Իրանը, հնարավոր է, շատ մոտ է ուրանի հարստացման գործընթացին, որը պետք է սկսվի ստորգետնյա օբյեկտում՝ Կում քաղաքից ոչ հեռու:
Իրանցի միջուկագետ-գիտնականները Ֆորդոյի գաղտնի օբյեկտի վրա, ամենայն հավանականությամբ, շատ շուտով կսկսեն 20%-ով հարստացված ուրանի ստացումը, կարծում են Իրանի գծով փորձագետները և ատոմային ոլորտի մասնագետները, ովքեր սերտորեն համագործակցում են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների և ատոմային տեսուչների հետ, հաղորդում է Bloomberg-ը:
Հարստացված ուրանը կարող է օգտագործվել որպես վառելանյութ ատոմակայանների համար, սակայն կարող է նաև անցնել հարստացման ևս մեկ փուլ և օգտագործվել ատոմային զենքի ստեղծման համար: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները, ովքեր չեն ցանկացել նշել իրենց անունները, ասում են, որ Իրանի գործողությունները կարող են նախագահի հանրապետական թեկնածուների կողմից նոր կոչերի կամ Իսլամական հանրապետության դեմ գաղտնի ռազմական գործողությունների իրականացման պատճառ հանդիսանալ:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդականները մասնավորապես անհանգստություն են արտահայտում, որ Իսրայելը Ֆորդոյում գտնվող օբյեկտի գործարկումը, կարող է համարել ռազմական հարձակման արդարացում»,- ասել է Քարիմ Սաջադպուա, իրանագետ Վաշինգտոնում Համաշխարհային խաղաղության Կարնեգի ֆոնդից: Նա հաճախ է քննարկում իրանական հիմնախնդիրը Սպիտակ տան հետ:
ԱՄՆ և Իսրայելը արդեն բազմիցս նշել են, որ ռազմական գործողությունները դեռևս հնարավոր տարբերակ են, եթե դրանց անհրաժեշտությունը լինի, որպեսզի Իրանին թույլ չտրվի ատոմային ռումբ ստանալ: Սաջադպուայի խոսքով, Սպիտակ տան որոշ ներկայացուցիչները կասկածում են, որ Իրանը փորձում է հրահրել իսրայելական հարվածը, որպեսզի աջակցություն և խղճահարություն ստանա ինչպես իրենց երկրում,այնպես էլ արտերկրում, և «ուշադրությունը շեղել ներքին քաղաքական անհամաձայնություններից, ինչպես քաղաքական էլիտայի, այնպես էլ հասարակության և իշխանությունների միջև»:
Դեռևս սեպտեմբերի 19-ին, Իրանի ատոմային էներգետիկայի առաջատար Ֆերեյդուն Աբասսին հայտարարել է, որ ուրանի 20 տոկոսով հարստացումը կսկսվի Ֆորդոյում և կտևի մոտ 6 ամիս: Այդ ժամանակ նա նաև հայտարարել է, որ օբյեկտը ստորգետնյա է, այնպես որ ամերիկացիների ու նրանց դաշնակիցների համար այն ոչնչացնելը զգալիորեն դժվար կլինի: Հոլամրեզա Ջալալին՝ Իրանի քաղպաշտպանության գլխավորը, չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանն անհրաժեշտության դեպքում ուրանի հարստացման իր կենտրոնները կտեղափոխի ավելի անվտանգ տեղեր:
Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Իրանն այժմ մոտ է Ֆորդոյի երկու կասկադների գործարկմանը, որոնցից յուրաքանչյուրն ունի 174 ցենտրիֆուգ: Մինչև ավելի բարձր խտության՝ 90%, հարստացված ուրանը կարող է օգտագործվել ռումբի համար: