16 դեկտեմբերի 2011 - 14:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Այս տարի որսորդների կողմից խախտումների 200 դեպք է արձանագրվել

Այս տարի որսորդների կողմից հիմնական խախտումները բնապահպանության նախարարությունը գրանցել է մինչև բուն որսորդական շրջանի բացումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը՝ հավելելով, որ արձանագրվել է մոտ 200 խախտում, որի արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 17 միլիոն դրամ տույժ, տուգանք և բնությանը հասցված վնասի փոխհատուցում։

«Որսաշրջանը բացվել է օգոստոսի 27-ին և ավարտվում է փետրվարի վերջ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ իրենք ունեն բազմաթիվ կենդանիների ու թռչունների որսի համար թույլտվություններ. «Օրինակ այս տարի ունենք 10 վարազի որսի թույլտվություն, որոնք տրամադրվում են անհատական կարգով և արժեն 50 000 դրամ»։

Իսկ լորի որսի թույլտվությունն արժե 100 դրամ, բայց քանի որ վերահսկելը շատ բարդ է, իրենք որսորդմիությանը վաճառել են 30 հազար լորի որսի թույլտվություն և արդեն որսորդմիությունն է գործընթացը վերահսկում։

Ինչ վերաբերում է անօրինական որսի համար սահմանված տուգանքներին, ապա դրանք տատանվում են 100-250 հազար դրամի սահմանում։ Իսկ ամենամեծ տուգանքը սահմանվում է մուֆլոնի, բեզոարյան այծի և հովազի որսի համար՝ 3 միլիոն դրամ։ «Այս տարի վարույթում ունենք 4 քրեական գործ՝ անօրինական որսի ու ձկնորսության համար»,- ասաց Արթուր Բեգլարյանը։ Հայ որսորդների ազգային դաշինքի նախագահ Գրիգոր Գրիգորյանը դժգոհեց հայ որսորդների ցածր կուլտութայից. «Կա համապատասխան գրականություն, բայց մեր որսորդները կարդալ չեն սիրում»։ Նա նշեց, որ հայ որսորդների համար ապահովված են լավագույն պայմանները, կան բոլոր անհրաժեշտ սարքավորումները, և նրանք դժգոհելու տեղ չունեն. «Այսօր որսորդությունը սպորտաձև է ու հաճույք»։

ՖՈՏՈՇԱՐՔ