16 դեկտեմբերի 2011 - 16:43 AMT
ՈՒԵՖԱ-ն 500 հազար եվրո է փոխանցել Ճապոնիայի Ֆուտբոլային ասոցիացիային

Տոկիոյում ՖԻՖԱ-ի Գործադիր կոմիտեի հանդիպման շրջանակում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Ճապոնիայի Ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Ձյունձի Օգուրեին 500 հազար եվրոյի չեկ է հանձնել:

Այդ ժեստը ՈՒԵՖԱ-ի հերթական քայլն էր մարտին մասշտաբային տարերային աղետի զոհ դարձած Ճապոնիային աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

«ՈՒԵՖԱ-ի խնդիրն է օգտագործել թիվ մեկ խաղը կարիքավորներին օգնելու համար, չէ որ հենց ֆուտբոլն է այն քիչ համաշխարհային սպորտաձևերից մեկը, որն ընդունակ է միավորել մարդկանց, չնայած լեզվային ու մշակութային արգելքներին: Ինձ համար այդ միասնության հաստատումը դարձան ֆուտբոլիստների գործողություննըր, նրանք ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներից առաջ ճապոնացիների հասցեին ուղղված աջակցության խոսքերով ցուցապաստառներ էին պահում»,- ասել է Պլատինին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նյութական միջոցները կուղղվեն ինն ամիս առաջ հազարավոր մարդկանց կյանքը խլած երկրաշարժի և ցունամիի հաղթահարմանը օգնություն ցուցաբերելու նախագծերի իրականացմանը: