
Ապահավելու համար ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի անվտանգ աշխատանքը , կառավարիչ ընկերություն Haypost Trust Management-ը նվազագույնի է հասցնում բոլոր ռիսկերը փոտային բոլոր բաժանմունքներում տեսախցիկներ տեղադրելով և այլ միջոցառումներ իրականացնելով: Այդ մասին դեկտեմբերի 16-ին Սյունիքում հայտարարել է Haypost Trust Management-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը: «Մենք նաև կնվազեցնենք կանխիկ դրամի քանակը փոստային բաժանմունքներում»,-ասել է նա՝ հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Սյունիքի մարզից, որտեղ Սիսիանում, Գորիսում ու Տաթևում բացվել են արդիականացված փոստային բաժանմունքներ:
Ինչպես նշել է Haypost Trust Management-ի տնօրենը, ընկերությունն ամբողջովին փոխհատուցել է տուժածների վնասը: Նա հավելել է նաև, որ «թող գողերը գողություն անելու այլ տեղ փնտրեն»: Գեչիչյանը հույս է հայտնել, որ հացանգործության բացահայոտման արդյունքում գումարը՝ 27 մլն դրամ կվերադարձվի ընկերությանը:
Դեկտեմբերի 3-ին ժամը 08:00-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շիրվանզադեի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստի» թիվ 14 բաժանմունքում ավազակային հարձակում է կատարվել: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ոստիկանությունից, դիմակով անձը ներխուժել է փոստային բաժանմունք և դանակի սպառնալիքով փոստային բաժանմունքի պետի ձեռքից հափշտակելով ինկասացիոն պարկը, որի մեջ եղել է 27.117.000 դրամ` դիմել է փախուստի: Ինչպես ասել են գործակալության թղթակցին, ոստիկանությունը դեռևս չի կարող տեղեկատվություն տրամադրել այդ դեպքի վերաբերյալ, քանի որ հանգամանքները դեռևս պարզված չեն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 30-ին 18:30-ի սահմաններում ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ անհայտ դիմակավոր ոճրագործը ներխուժեց «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 բաժանմունք՝ Դավիթ Մալյանի 4 հասցեով: Հանցագործը հափշտակեց 1,354 մլն դրամ և թաքնվեց: