28 նոյեմբերի 2003 - 23:28 AMT
ԱՊՀ-ՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2003 թվականին ԱՊՀ երկրների շարքում տնտեսական զարգացման ամենաբարձր տեմպերն արձանագրվել են Հայաստանում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ասվում է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Transition report 2003» տարեկան զեկույցում: Փաստաթղթում նշված են նաեւ այն հիմնական ուղղությունները, որոնց վրա, ԶՎԵԲ-ի կարծիքով, պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի Հայաստանի կառավարությունը: «Գործարար մթնոլորտի բարելավման նպատակով անհրաժեշտ է ավելի ակտիվացնել բարեփոխումները ձեռնարկություններում, հարկային եւ դատական համակարգերում, ինչպես նաեւ արդյունավետորեն կիրառել ֆինանսական տեղեկատվության հասարակայնացման եւ կաշառակերության դեմ պայքարի մասին օրենքները` հատկապես պետական եւ մաքսային ծառայություններում», - ասվում է զեկույցում: Չնայած Հայաստանի արտաքին պարտքի կրճատմանը, ՎԶԵԲ-ի փորձագետները խորհուրդ են տալիս բարելավել երկրում հարկերի հավաքագրումը եւ արտահանումային մուտքերը` Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրով նախատեսված ենթակառույցների եւ սոցիալական բնագավառի ծախսերի աճը ֆինանսավորելու նպատակով: