19 դեկտեմբերի 2011 - 19:33 AMT
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբի՞ն

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն: «Ես արդեն ավարտել եմ միջնորդի իմ առաքելությունը, բայց կարծում եմ, որ նախագահների նման հանդիպումը, հնարավոր է, կայանա հաջորդ տարվա առաջին ամիսների ընթացքում»,- հայտնել է Ֆասյեն, հաղորդում է ԱՊԱ-ն:

Վիլնյուսում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կատարած հայտարարության համաձայն, միջնորդները ծրագրում էին նախագահների հերթական հանդիպումը կազմակերպել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Բեռնար Ֆասյեն 2012թ. հունվարին վայր կդնի իր լիազորությունները` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, նրան այդ պաշտոնում կփոխարինի Ժակ Ֆորը: