20 դեկտեմբերի 2011 - 11:12 AMT
2011թ-ի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը

Մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2011թ-ի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը: Հարցմանը մասնակցել են 42 մարզական լրագրողներ:

Ամոյանը հավաքել է 346 միավոր: 2-րդ հորիզոնականում 300 միավորով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, կրկին հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն է: Եռյակը 296 միավորով եզրափակել է աշխարհի թիմային չեմպիոն և աշխարհի շախմատի դասակարգման 3-րդ համար Լևոն Արոնյանը:

4-10-րդ տեղերը զբաղեցրել են Հենրիկ Մխիթարյանը (ֆուտբոլ), Աղասի Աղասյանը (ծանրամարտ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Յուրա Մովսիսյանը (ֆուտբոլ), Հարություն Մերդինյանը (մարմնամարզություն), Վլադիմիր Սարուխանյանը (բռնցքամարտ) և Մուսա Մուրթազալիևը (ազատ ոճի ըմբշամարտ):

Լավագույն թիմ է ճանաչվել աշխարհի չեմպիոն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Նրան հաջորդում են ֆուտբոլի և հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականները, հաղորդում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: