Դեկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը: Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամլո ծառայությունը, մասնագիտական օրվա առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, ուր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուղերձում, շնորհավորելով Ազգային անվտանգության աշխատակիցներին, ՀՀ նախագահը պատգամել էր «շարունակել հաղթահարել բոլոր դժվարությունները և պատվով լուծելհետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության խնդիրները` համարժեք արձագանքելով առկա մարտահրավերներին»:
Հանրապետության նախագահի հրամանագրով մի շարք ծառայողներ արժանացել էին պետական բարձր պարգևների և զինվորական կոչումների, որոնք հանձնեց վարչապետ Տ. Սարգսյանը:
Հանդիսավոր նիստին ելույթ ունենալով, ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը նշեց, որ մասնագիտական տոնը Ազգային անվտանգության ծառայության անձնակազմը դիմավորում է գործունեության ոլորտներում արձանագրված ակնառու ձեռքբերումներով: Ելույթում գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը հատուկ ընդգծեց Ադրբեջանի հետախուզության կողմից Թուրքիայում հավաքագրված Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող գործակալների բացահայտումը: «Կատարված աշխատանքների բարձր պրոֆեսիոնալիզմը պատիվ կբերեր ցանկացած երկրի հատուկ ծառայությանը»,- ընդգծել է Հակոբյանը:
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցների շնորհավորեցին և գերատեսչական պարգևներ հանձնեցին նաև ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի հրամանագրերով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով, թանկարժեք նվերներով և պատվոգրերով: