Հայկական ԱԷԿ-ում նոր էներգաբլոկի շինարարության նախապատրաստման գործընթացը սկսվել է դեռևս նախորդ տարի, իսկ բուն շինարարությունը ծրագրվում է սկսել 2013թ կեսերին: Այդ մասին դեկտեմբերի 22-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:
Անդրադառնալով նոր էներգաբլոկի շինարարության նախագծին և կառուցման ժամկետներին՝ նախարարն ասել է, որ ճապոնական Ֆուկուսիմայում ողբերգական իրադարձություններով պայմանավորված բոլոր միջուկային նախագծերն աշխարհում հետաձգվել են մեկ տարով: «Հուսով ենք, որ 2016-2018թթ. մենք կկարողանանք կանգնեցնել գործող բլոկը: Բազմիցս է ասվել, որ նրա աշխատանքը չի դադարեցվի, քանի դեռ չի կառուցվել նորը»,-ասել է Ա. Մովսիսյանը: Նա նշել է, որ ԵՄ-ն օգնում է Հայաստանին նոր ատոմային էներգաբլոկի շինարարության գործընթացում: