23 դեկտեմբերի 2011 - 13:21 AMT
Երևանը կարող է դառնալ եվրոպական բարձրագույն կրթության մայրաքաղաք

2012-ին Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովը տեղի է ունենալու Բուխարեստում, իսկ հաջորդ 2015 թ-ի գագաթաժողովը հնարավոր է տեղի ունենա Երևանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Հայաստանը 2015թ-ի գագաթաժողովը հյուրընկալելու և կազմակերպելու հայտ է ներկայացրել։ Հայտը բավարարվելու դեպքում մենք նաև 2012-2015թթ-ին կհյուրընկալենք Բոլոնիայի քարտուղարությունը և Երևանը հաջող քվեարկության դեպքում, եթե մեր հայտը բավարարվի և մեզ ընտրեն, կարող է դառնալ 2012-2015 թթ-ի եվրոպական բարձրագույն կրթության մայրաքաղաքը»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ իրենք մեծ հույսեր են կապում, որ 2012-ի հունվարին Կոպենհագենում տեղի ունենալիք քվեարկության արդյունքում հայտը կընդունվի և Հայաստանը իր արտաքին և կրթական քաղաքականության մեջ կարձանագրի այդ խոշոր հաջողությունը։