23 դեկտեմբերի 2011 - 16:44 AMT
Հայաստանն ու Իրանը կարևորում են դիվանագիտական ուղիներով Իրանի միջուկային խնդրի կարգավորման կարևորությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարևորում են զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը` իրենց հավատարմությունն արտահայտելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Այդ մասին նշվում է Իրանի ղեկավարի երևանյան այցի արդյունքներով ընդունած համատեղ հայտարարության մեջ:

Նրանք նշել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի և Իրանի իրավունքը: Երկու պետությունների նախագահներն ընդգծել են բանակցությունների միջոցով և դիվանագիտական ուղիներով Իրանի միջուկային խնդրի կարգավորման կարևորությունը:

Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, պատրաստակամություն հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում համագործակցել նման սպառնալիքների դեմ պայքարում: