Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վերջինիս երևանյան այցի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:
Հայտարարության մեջ նախագահներ Սերժ Սարգսյանը և Մահմուդ Ահմադինեժադը, գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, որոնք հիմնված են Հայաստանի և Իրանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել զարգացնելու երկկողմ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները կարևորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և շեշտեցին ս.թ. մայիսի 29-30-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև երկու պետությունների միջև ստորագրված այլ փաստաթղթերին հետամուտ լինելու անհրաժեշտությունը:
Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և ներդրումային ոլորտներում փոխհամագործակցության մակարդակի բարձրացման առումով:
Այցի ընթացքում ստորագրվեցին.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» Փոխըմբռնման հուշագիր:
- «2007 թվականի մարտի 19-ին Մեղրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ» Արձանագրություն,
- «ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր,
- «ՀՀ բնապահպանության նախարարության և ԻԻՀ բնապահպանության կազմակերպության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման 2012-2013թթ.» Գործողությունների ծրագիր,
- «ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի և ԻԻՀ ստանդարտների և արտադրական հետազոտությունների ինստիտուտի միջև» Փոխըմբռնման հուշագիր,
- «Կառուցում-Տնօրինում-Շահագործում-Փոխանցում (ԿՏՇՓ) հիմունքներով Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվության պայմանագրի» վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր
Երկու պետությունների նախագահները գոհունակություն հայտնեցին էներգետիկայի բնագավառում ընդլայնվող համագործակցության կապակցությամբ: Ողջունելով էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբը՝ նրանք ընդգծեցին այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:
Նախագահները կարևորեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաև երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործումը: Համապատասխան նախարարություններին հանձնարարություն տրվեց առաջիկա 6 ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար:
Նախագահներն ընդգծեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար շրջանակների տնտեսական և ներդումային գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունը»: