23 դեկտեմբերի 2011 - 19:52 AMT
Մահմուդ Ահմադինեժադը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում սահմանափակումներ չի տեսնում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

«Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ձեր այցը սպասված էր, և այն բացառիկ հնարավորություն է մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար», - ասել է վարչապետ Սարգսյանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների ընթացքի կապակցությամբ և նշել, որ հայկական կողմը կատարում է ձեռք բերված պայմանավորվածությունները:

Իրանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ ուրախ է մեր երկիր այցելելու համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների օրակարգում առկա առաջնահերթությունները: Մասնավորապես, արծարծվել են Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Հայաստանի տարածքում հեղուկ վառելիքի պահեստարանի և նավթամթերքի խողովակաշարի ու Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն առնչվող մանրամասներ: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկերչության և դեղագործության ոլորտներում:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ցուցանիշները վկայում են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում աճի առկայության մասին, և կա ներուժ այդ ուղղությամբ համագործակցությունը խորացնելու համար:

Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցում որևէ սահմանափակում չի տեսնում: Նշվել է, որ անհրաժեշտ է համապատասխան հանձնարարականներ տալ գերատեսչություններին առևտրատնտեսական գործակցության ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: