Ամեն տարի Science ամսագրի փորձագետներն ընտրում են 10 ամենանշանակալի գիտական հայտնագործությունները: Այդ ցուցակից ժյուրին ընտրում է «տարվա առաջընթացը»:
2011 թվականին լավագույն գիտական ձեռքբերումը, փորձագետների կարծիքով, հակառետրովիրուսային դեղամիջոցների կլինիկական փորձարկումներն էին: Դրանք ապացուցեցին, որ այդ դեղամիջոցները ոչ միայն օգնում են ՁԻԱՀ-ով հիվանդներին, այլև զսպում այդ հիվանդության վարակի տարածումը:
Փորձարկումներին մասնակցել է շուրջ 1800 հետերոսեքսուալ զույգ 9 երկրներից: Հատուկ ընտրվել են զույգեր, որտեղ զույգից միայն մեկն է ՄԻԱՎ-վարակված:
Սկզբնապես ծրագրվում էր, որ փորձարկումները կտևեն մինչև 2015 թվականը, սակայն այս տարվա ստուգումները ցույց տվեցին, որ դեղամիջոցներն ակնհայտ կերպով կանխում են ՄԻԱՎ-ով վարակումը: Կարևորագույն բացահայտումը կայանում է նրանում, որ հակառետրովիրուսային դեղամիջոցների ընդունումը հիվանդության վաղ փուլում կարող է 96 տոկոսով կրճատել ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը հետերոսեքսուալ կապերի դեպքում: Մյուս բացահայտումների և ձեռքբերումների ցուցակն ունի հետևյալ տեսքը՝ Hayabusa զոնդը աստերոիդի գրունտի նմուշներ է բերել Երկիր; հայտնագործվել է պոտենցիալ «երիտասարդության էլիքսիր». եթե մկների օրգանիզմից հեռացնել ծերացած բջիջները, ծերացման ախտանիշերն ավելի ուշ են հայտնվում, թեև կյանքի ժամկետը չի երկարում; ուսումնասիրվել է բույսերի մոտ ֆոտոսինթեզի համար պատասխանատու սպիտակուցի կառուցվածքը. դա էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրներին տանող ճանապարհն է; բացահայտվել են անսովոր մոլորակային համակարգեր, որոնք բոլորովին նման չեն մեր համակարգին:
Փորձագետները նշել են նաև տիեզերքում ջրածնի երկու ամպերի հայտնագործումը, որոնց քիմիական կազմը, ըստ երևույթին, «Մեծ պայթյունից» հետո 2 մլրդ տարի չի փոխվել; արհեստական ցեոլիտների մշակումը; մալյարիայից պատվաստանյութի հուսադրող փորձարկումները; ժամանակակից մարդկանց գենոմում հնագույն գեների հայտնաբերումն ու մարդու աղեստամոքսային տրակտում ապրող բակտերիաների հետազոտությունները: