20 նոյեմբերի 2003 - 22:12 AMT
ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ
Հարավային Կովկասի, ԱՊՀ եւ Միջին Արեւելքի պետությունների հետ Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, ինչպես նաեւ այդ տարածաշրջաններում առկա հիմնահարցերը քննարկեցին այսօր Երեւանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հերթական նիստի մասնակիցները: Հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը ներկայացնում էր այցով Հայաստան ժամանած Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Լին Պասկոն: Կողմերը, բավարար գնահատելով հայ-ամերիկայն հարաբերությունների ներկա մակարդակը, քննարկեցին երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական համագործակցության օրակարգը եւ պայմանավորվեցին այն առավել խորացնել: Նաեւ տեսակետներ փոխանակվեցին միջազգային անվտանգության այնպիսի հրատապ խնդիրների շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը: Նշենք, որ 1997թ. ի վեր ՀՀ եւ ԱՄՆ ավագ պաշտոնյաները տարին մեկ անգամ հանդիպում են անվտանգության երկխոսության ձեւաչափով` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու նպատակով: 2002թ. այդ հանդիպումները վերանվանվեցին ռազմավարական երկխոսության: