
ՀՀ նախագահին առընթեր «Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի» նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է հանձնաժողովի 2011-ի գործունեության արդյունքներն ու խնդիրնրները 3 հիմնական ոլորտներում՝ լճի ջրի մակարդակի բարձրացում, ջրի մաքրություն, կենսաբազմազանություն։
Նա նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է 3, 82 մետրով. «Կարող ենք ասել, որ օրենքով մինչև 2030 թիվը նախատեսվող լճի ջրի մակարդակի 6 մետրով բարձրացումը արդեն իրատեսական է և իրողոթյուն։ Վերջին 3 տարում ջրի մակարդակը բարձրացել է տարեկան միջինը 43 սմ-ով, իսկ այս տարի՝ 24 սմ-ով»։
Ինչ վերաբերում է ջրի մաքրության առումով ձեռքբերումներին, ապա դրանք անհամեմատ ավելի համեստ են։ Բանախոսի խոսքով, օրակարգից մեկընդմիշտ հանվել է Արարատի ոսկու գործարանի տեղափոխման հարցը, և մնում է լուծել տեսակավորող սարքավորումների խնդիրը։
«Անտառների մաքրման վերաբերյալ. Այս տարի մաքրվել է 295 հա անտառ, և որակը մեզ բավարարում է»,- նշեց Վլադիմիր Մովսիսյանը՝ հավելելով, որ լճի ջրի լուսաթափանցելիությունը արդեն իսկ կազմում է 8-11 մետր նախկին 4-6 մետրի փոխարեն. «Վատթարացումը կանխվել է, և ունենք ինչ-որ տեղաշարժեր»։
Կենսաբազմազանության առումով, ըստ բանախոսի, խնդիրները շատ են։ Այս տարի լիճ է բաց թողնվել 367 հազար մանրաձուկ և նկատվել է իշխանի 2 տեսակների թվաքանակի ավելացում, սակայն դա արհեստական բազմացման արդյունք է, և բնական ձվադրում դեռևս չի կատարվում։ Մովսիսյանը նշեց, որ իրենք մի շարք քայլեր են ձեռնարկում, որ ձկերը սկսեն բնական ձվադրում գետերում։
Առաջիկա անելիքների շարքում բանախոսը նշեց սանմաքրման ռազմավարության մարտավարության փոփոխման անհրաժեշտությունը, ըստ որի ափերը կմաքրեն նախքան ջրի մակարդակի բարձրացումը։